Facebook-ում և Twitter-ում հնչած վիրավորանքները Գրենադայում հանցագործություն են համարվում

13:19 • 01.07.13

Սոցիալական կայքերում վիրավորանքների համար Գրենադա կղզի-պետությունում այժմ սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում և 37 հազ. դոլար տուգանք։ Սա առաջին նման օրենքն է Կարիբյան ավազանի երկրներում, գրում է Russia Today-ը։

 

Գրենադայում այժմ լուրջ հանցագործություն է համարվում օգտատերերին վիրավորելը, ինչպես նաև Facebook-ում և Twitter-ում հեղինակային իրավունքի խախտումն ու ոտնձգությունը։ Օրենքը տեղի խորհրդարանի հավանությանն է արժանացել հունիսի 28-ին։

 

Ցանկացած մարդ, ում վիրավորել են համացանցում, կարող է դիմել ոստիկանություն, որը կուսումնասիրի նրա բողոքը, այնուհետ գործը կփոխանցվի դատարան։


«Դատարանում տվյալ մարդը կարող է օգտագործել սոցկայքի գրառումը որպես ապացույց։ Մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար»,- ասել է Գրենադայի իրավաբանական հարցերով նախարարը։

 

Օգտատիրոջ մեղքի ապացուցման դեպքում նա կարող է դատապարտվել մինչև 3 տարվա ազատազրկման և ստիպված կլինի վճարել մինչև 37 հազ. դոլար տուգանք։ Օրենքն արգելում է նաև տարածել մանկական պոռնոգրաֆիա, որի համար նշանակել է մինչև 111 հազ. դոլար տուգանք և մինչև 20 տարվա ազատազրկում։