Մանդելայի հետքերով. Օբաման այցելել է այն կղզին, որտեղ 18 տարի բանտարկված է եղել Մանդելան (լուսանկարներ)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման աֆրիկյան շրջագայության շրջանակներում կնոջ՝ Միշել Օբամայի և 2 դուստրերի հետ այցելել է հարավաֆրիկյան Ռոբեն կղզի, որտեղ 18 տարի շարունակ բանտարկված է եղել ընդդիմադիր, այնուհետ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ ղեկավար Նելսոն Մանդելան։ Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարք է հրապարակել՝ ներկայացնելով Օբամաների այցի մանրամասները։

Նախագահը նաև շրջել է բանտի բակում, որտեղ Մանդելայի տնկած խաղողի այգին առ այսօր գոյություն ունի։
«Մեր ընտանիքը խորապես ազդված է՝ գտնվելով այն վայրում, որտեղ ժամանակին նման խիզախ մարտիկ է պահվել։ Աշխարհը շնորհակալ է Ռոբենի հերոսներին, ովքեր ապացուցում են, որ ոչ ազնվական ծագումն ու բանտախցերը չեն կարող արգելք հանդիսանալ մարդկային ոգու ուժի առաջ»,-գրել է Օբաման բանտի հուշամատյանում։

Այցից հետո Օբաման ելույթ է ունեցել Քեյփ Թաունի համալսարանում՝ կոչ անելով հավաքվածներին գնահատել Մանդելայի թողած ժառանգությունն ու շարունակել պայքարը հանուն ժողովրդավարության ու բարգավաճման։

Օբաման մայրաքաղաք Յոհանեսբուրգում անմիջապես Մանդելային տեսակցելու փոխարեն (գտնվում է հիվանդանոցում) հանդիպել է նրա բարեկամների հետ ու իր աջակցությունը հայտնել։ Այժմ 94-ամյա Մանդելան գտնվում է ծայրահեղ կայուն վիճակում։

Այնուհետ Օբաման պատրաստվում է այցելել Դեսմոնդ Տուտուին։












