Պուտինը չի բացառել, որ Սնոուդենը կարող է մնալ Ռուսաստանում

19:55 • 01.07.13

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Էդուարդ Սնոուդենը Ռուսաստանում կարող է մնալ միայն այն դեպքում, եթե դադարի վնաս հասցնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, գրում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում Սնոուդենին չի հանձնի ԱՄՆ-ին:


Ըստ նախագահի, Սնոուդենը ռուսաստանյան գործակալ չէ: Պուտինը ասել է, որ նրան ոչինչ հայտնի չէ այն մասին, որ Գազ արտահանող երկրների ֆորումի մասնակիցները ցանկանում են Սնոուդենին տանել երկրից:


Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող էին գաղտնալսել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունները:


Հիշեցնենք, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով  գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար հետախուզվում է ԱՄՆ-ի կողմից, հանդիպել էր ռուսաստանյան դիվանագետների հետ և նրանց է հանձնել 15 երկրների ուղղված քաղաքական ապաստան պահանջող նամակներ: Այս մասին գրում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Los Angeles Times-ին, որն այս տեղեկությունները ստացել է ռուսական ԱԳՆ-ի անհայտ աշխատակցից: