Հայ նախարարները նախընտրում են հանգստանալ հայրենիքում
Մինչ օրենսդիր մարմինը կգնա հանգստանալու և ԱԺ կվերադառնա աշնանային նստաշրջանի մեկնարկին, գործադիր մարմինը կաշխատի, չնայած որ նախարարները մի քանի օրով արձակուրդ վերցնելու ժամանակ կգտնեն:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանգստանալու համար տասը օր կվերցնի և կմեկնի ոչ թե արտերկիր, այլ հայրենի Սյունիք: «Ես սիրում եմ իմ արձակուրդներն անցկացնել հայրենիքում։ Սյունիքում կհանգստանամ 10 օր»,-Tert.am-ին ասաց նա:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մեր հարցերին պատասխանելու ցանկություն չուներ, բայց երբ ասացինք, թե հարցը քաղաքական չէ և վերաբերվում է հանգստի կազմակերպմանը՝ կարճ պատասխանեց. «Ջերմուկ»։ «Այսինքն՝ Ջերմուկո՞ւմ եք հանգստանալու»,- ճշտելու մեր փորձին կրկին կարճ վրա բերեց՝ «այո»։
Մենա՞կ եք գնալու Ջերմուկ հանգստանալու հարցին նույն լակոնիկ ոճով շարունակեց. «ոչ»։ Իսկ որքան գումար կծախսեք՝ հարցին, պատասխանեց երեք բառով. «Ինչքան անհրաժեշտ կլինի»։
Նախարարը հրաժարվեց արդեն պատասխանել այն հարցին, թե ինչու է Ջերմուկում ավելի թանկ, քան օրինակ՝ հարևան Վրաստանում, նշելով, թե շտապում է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կասկածում է, թե հանգստի համար ժամանակ կգտնի, քանի որ նշեց, որ ծանրաբեռնվածությունը շատ է:










