Վերահսկիչ պալատի նախագահի քննադատությունը հերթական բեմադրությունն էր. Զարուհի Փոստանջյան

13:50 • 01.07.13

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ նախագահի քննադատությունն ուղղված Վերահսկիչ պալատի նախագահին, ով սեփական կարծիքն էր հայտնել զեկույցը ներկայացնելիս, հերթական բեմադրության մասն էր։
 

Ավելին, ըստ նրա, Վերահսկիչ պալատի զեկույցը կազմվել է Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, ով՝ հետագայում արդեն վերլուծելով, մտափոխվել է։

«Վերահսկիչ պալատն առանց Սերժ Սարգսյանի չէր կարող կազմել զեկույց: Դա հենց իր մասնակցությամբ է, բայց հետո տեսնելով, թե իրավական ընթացքի դեպքում մեղադրանքներն անխուսափելի են և դրանում բարձրաստիճան պաշտոնյաներ են ներգրավվում, մտափոխվեց, քանի որ այդ դեպքում նրանք կարող էին քրեական պատասխանատվության ենթարկվել։ Հետևաբար, խոսքը այս բեմադրության հաջորդ արարի մասին է, որը սկզբում տեղի ունեցավ ԱԺ դահլիճում, հետո էլ՝ Սերժ Սարգսյանի «բանտախցերից» մեկում»,-ասաց նա։

Ըստ նրա, նախագահի քայլն՝ ուղղված Իշխան Զաքարյանին, այսքանից հետո արդարացի չէր։

«Իշխան Զաքարյանից դժգոհել՝ ես կարծում եմ արդար չէ, Իշխան Զաքարյանը փաստեր ներկայացրեց: Թե ինչպես է քննարկվել, դա այլ հարց է: Միևնույն ժամանակ ներկայացված էին փաստեր, որոնք ընդունվել էին բոլոր գերատեսչությունների կողմից՝ բացառությամբ երկուսի»,-ասաց նա և նշեց, որ բոլորն էլ ընդունել էին, որ թերացել էին։

Զարուհի Փոստանջյանը մեջբերեց նախագահի՝ կոռուպցիային վերաբերվող այն խոսքերը, թե «իբր պետական միջոցները համատարած թալանվում են»։ Պատգամավորը հավաստիացնում է, որ ոչ թե «իբրև թե է», այլ իսկապես համատարած են։

«Կոռուպցիայի մասին գնահատականը մի քանի օր առաջ ԵԽԽՎ-ի զեկույցն էր, երբ Հայաստանը ներգրավվեց ԵԽԽՎ անդամ երկրների հինգ կոռումպացված երկրների ցանկում։ Այսինքն՝ ամենուր է կոռուպցիան»,-նշեց նա։

Ընդդիմադիր պատգամավորը հարցնում է՝ եթե համատարած չէ կոռուպցիան, և 900 մլրդ-ից 700 մլրդ-ը չի չարաշահվում, ապա ինչպե՞ս է, որ Տարոն Մարգարյանը միայնակ որոշումներ է կայացնում։ «Այդ ինչպե՞ս են ամբողջ Երևան քաղաքի կանաչ և բակային տարածքները շինարարական հարթակների վերածվում։ Սա նշանակում է՝ գործ ունենք համատարած համակարգված յուրացումների հետ, որը բարձրաստիճան անձանց ցուցումներով է»,-ասաց նա։

Ըստ նրա, Իշխան Զաքարյանին կփորձեն դարձնել քավության նոխազ, թե չփորձեն, փաստերն արդեն իսկ ներկայացված են, որոնց պետք է տալ քրեաիրավական ընթացք։ «Նյութերը գլխավոր դատախազություն ԱԺ նախագահն է ուղարկել, տեսնենք տաս օրվա ընթացքում հարուցվու՞մ է քրեական գործ, թե՞ մերժվում»-նշեց պատգամավորը:
 

Փոստանջյանի խոսքով՝ եթե Հովիկ Աբրահամյանի լափելու ու թալանելու մասին հայտարարությունից հետո էլ գործ չհարուցվի, դա կարող է անել ցանկացածը, որպեսզի գործը փակուղի չմտնի։
 

«Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում ամեն ինչ որոշվում է մեկ անձի կողմից, փակուղին ունենք տարիներ շարունակ, բայց հասարակությունը կարող է լինել պահանջատեր, նաև տարբեր քաղաքացիներ, կազմակերպություններ իրենք ներկայացնեն և պահանջեն՝ այնտեղ նշված կետերով հարուցել առանձին քրեական գործեր։ Մենք բոլորս պետք է պահանջատեր լինենք, չսպասենք, որ Սերժ Սարգսյանը թույլ տա կամ թույլ չտա»,-ասաց նա։