Սթենֆորդի համալսարանը 151 մլն դոլար նվիրատվություն է ստացել. Forbes

10:21 • 02.07.13

ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանը 151 մլն դոլար նվիրատվություն է ստացել, գրում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Forbes-ին։


Ինչպես հայտնել են ուսումնական հաստատությունից՝ դա բուհի պատմության ընթացքում ամենախոշոր նվիրատվությունն է, որն արվում է ողջ մարդու կողմից։ 75-ամյա Ջոն Արիլագան այդ գումարները փոխանցել է Սթենֆորդին՝ տարբեր նախագծեր իրագործելու նպատակով։

 

«Նա իր պրոֆեսիոնալ գիտելիքներն ու ունակությունները ներդնում է յուրաքանչյուր նախագծում, և մեր ամբողջ հանրությունն օգուտ է ստանում նրա պատկերացումներից, ուշադրությունից և Սթենֆորդի հանդեպ տածած սիրուց»,- ասել է բուհի նախագահ Ջոն Հենեսին։

 

Պարբերականը հիշեցնում է, որ Արիլագան, ում կարողությունը գնահատվում է 1.9 մլրդ դոլար, մեծ թվով համալսարանական նախագծեր է ֆինանսավորել, այդ թվում՝ տեղի ֆուտբոլային մարզադաշտի վերանորոգումը։

 

Արիլագան գերազանցել է գործարար Ռոբերտ Քինգի և նրա կնոջ՝ Դորոթիի ռեկորդը, որոնք 2011-ին համալսարանին էին փոխանցել 150 մլն դոլար։