Վարչապետն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին

12:23 • 02.07.13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։


Ողջունելով պարոն Շպիլմանի այցը Հայաստան՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը: «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից, մենք մեծապես կարևորում ենք երկկողմ համագործակցության սերտացումը»,- ասել է վարչապետը:


Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ: Վարչապետը փաստել է, որ քաղաքացիական հասարակության կայացման գործում առկա են շոշափելի արդյունքներ, ինչն արձանագրել է նաև ընդդիմությունը:

 

Իր հերթին, Դին Շպիլմանը ևս կարևորել է Հայաստանի հետ երկխոսության զարգացումը և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն կստանա որակական նոր մակարդակ:


Այնուհետև զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ամուր հիմքերի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից քննվող տարբեր գործերին առնչվող հարցեր: