Պռոշյանի սպանված գյուղապետի հիշատակի մոմավառության ժամանակ հանվեց այն ասֆալտը, որի վրա դեռ արյան հետքեր կային (տեսանյութ)
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից երեք ամիս անց Պռոշյանի գյուղապետարանի դիմաց, որտեղ սպանվել էր Հրաչ Մուրադյանը, այսօր դարձյալ հիշատակի մոմավառություն էր կազմակերպվել:
Այն հատվածում, որտեղ գնդակահարվել էր գյուղապետը, մնացել էին հետքեր. պռոշյանցիները կտրեցին-հանեցին ասֆալտի այդ հատվածը, որտեղ նրանց խոսքով՝ դեռ մնացել են սպանված գյուղապետի արյան և վառոդի հետքերը:
Ասֆալտի քառակուսի կտորը հանվեց՝ Հրաչ Մուրադյանի կառուցած և կիսատ թողած թանգարան տեղափոխելու նպատակով: Ինչպես պատմել են ակցիայի մասնակիցները, արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանը նախատեսում էր գյուղի զոհված ազատամարտիկների տուն-թանգարան հիմնել. հիմա արդեն այդ քարը կցուցադրվի նաև նրա մասին պատմող էքսպոզիցիայում:
Իսկ կտրված-հանված ասֆալտի փոխարեն տեղադրվեց մարմարյա սալիկ:
Հիշատակի արարողությանը բերվեց նաև Հրաչ Մուրադյանի հիշատակին նվիրված խաչքար, որը նախատեսվում է տեղադրել Արագած լեռան գագաթին:
Սպանված գյուղապետի մարտական ընկերը պատմեց, որ Արագածի լանջերին տեղադրված է նաև Հրաչ Մուրադյանի մարտական ընկեր Պետոյի՝ Պետրոս Ղևոնդյանի խաչքարը, որին ընկերները տարին մի քանի անգամ այցելում են:
Միջոցառմանը, բազմաթիվ պռոշյանցիներից ու Հրաչ Մուրադյանի մարտական ընկերներից բացի, ներկա են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դաշնակցական խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, այլ դաշնակցականներ:
Պռոշյանի բնակիչները գյուղապետարանի մոտ են հավաքվել հետևյալ ցուցապաստառներով. «Արցախի և մեր պետականության մարմնավորում Հրաչ Մուրադյանին սպանողը պիտի պատժվի», «Բացահայտե՛ք մեր մարտական ընկերոջ սպանությունը»:
Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպել է տեղի ՀՅԴ «Դրո Կանայան» կառույցը:










