«Մանչեսթեր սիթի» ակումբի ֆուտբոլիստին սխալմամբ ազատ են արձակել բանտից

08:52 • 02.07.13

Անգլիական «Մանչեսթեր սիթի» ֆուտբոլային ակումբի երիտասարդական կազմի նախկին կապիտան Քորթնի Մեփեն Ուոլթերին սխալմամբ ազատ են արձակել բանտից, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Մեծ Բրիտանիայի պատժի կրման ծառայությունից հայտնել են, որ հետաքննում են պատահարի հանգամանքները։ «Սխալմամբ ազատելու դեպքերը բավականին հազվադեպ են պատահում, և յուրաքանչյուր դեպք մենք բավականին լուրջ ենք ընդունում»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Մեփեն Ուոլթերը շուտով բանտ կվերադառնա։

 

18-ամյա ֆուտբոլիստին փետրվարին դատապարտել էին 16 ամսվա ազատազրկման՝ երկու զոհերով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ դառնալու համար։ Վթարը տեղի էր ունեցել 2012թ. սեպտեմբերին, երբ ֆուտբոլիստի Mercedes-ը բախվել էր Nissan Micra մեքենային, որում գտնվել էր 4 մարդ։ 32-ամյա տղամարդը և նրա 37-ամյա քույրը մահացել են, իսկ կնոջ 16 և 17-ամյա երեխաները լուրջ վնասվածքներ ստացել։