Սերժ Սարգսյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն

12:48 • 02.07.13

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց ԱՄՆ ժողովրդին։

Ինչպես տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը, Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում ասվում է հետևյալը:

«Մեծարգո պարոն նախագահ,

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:
 

Մեր երկրների միջև գործընկերային սերտ կապերը վերջին տարիներին զգալի վերելք են արձանագրել, և այսօր մենք գտնվում ենք միջպետական հարաբերությունների բարձրակետում, տարբեր ոլորտներում ունենք համագործակցության աննախադեպ մեծ ծավալ: Մենք բարձր ենք գնահատում այն գործնական աջակցությունը, որ Միացյալ Նահանգները ցուցաբերում է Հայաստանին՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում: Մենք մեծապես շահագրգռված ենք ամբողջությամբ օգտագործելու երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժը և նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները:
 

Հատուկ դրվատանքի է արժանի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Համոզված ենք, որ Ձեր վարչակազմը կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը և կնպաստի մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը:

Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»: