ՎՊ-ի բացահայտումները վերաբերում են շինարարության ոլորտին, ոչ թե Քաղաքաշինության նախարարությանը. Սամվել Թադևոսյան
Քաղաքաշինության ոլորտին վերաբերող Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումները վերաբերում են շինարարության ոլորտին, այլ ոչ թե Քաղաքաշինության նախարարությանը, նախարարությունում ստուգումներ չեն իրականացվել: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Միաժամանակ նա ընդգծեց, որ այս հանգամանքը իրենց չի ազատում պատասխանատվությունից, ավելին՝ որպես պատասխանատու նախարարություն, ամբողջ տարվա ընթացքում իրենք ուշադրության տակ են պահել ոլորտը:
«Նախարարության կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր և այդ ուղղությամբ նախնական արդյունքներն արդեն ակնհայտ են: Պետական միջոցներից նախարարությանը տրամադրված 6,5 մլրդ դրամից հաջողվել է տնտեսել շուրջ 1 մլրդ դրամը, որը կազմում է ամբողջ ծավալի 15%-ը»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ խախտումներ ու բացթողումներ կան, բայց մինչ դրանց մասին խոսելը պետք է հստակեցվի, թե շինարարության ընդհանուր ծավալում քանի տոկոսն են խախտումները և տեսակարար կշռի որ մասն են կազմում դրանք:
«Ես չեմ կասկածում ՎՊ-ի մասնագետների պրոֆեսիոնալությանը, բայց հաշվետվության մեջ խորքային վերլուծություններ ու եզրահանգումներ չկան: Նախարարությունը ուսումնասիրություններ է իրականացրել ամբողջ տարվա ընթացքում և ի հայտ են եկել, թե խախտումները որտեղից են գալիս: Հիմնական խախտումները գոյանում են լիցենզավորված կազմակերպությունների կողմից աշխատանքները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Նախագծերը իրականացնում են հաճախ թերի ու անորակ»,-ասաց նա:
Սամվել Թադևոսյանը նաև նշեց, որ շինաշխատանքներում տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները նման հսկողություն իրականացնում են թերի և այդ աշխատանքները կրում են ձևական բնույթ:
«Լիցենզավորված կազմակերպություներում մեկ-երկու աշխատողի կողմից իրականացվում են 5-150 կազմակերպություններում տեխնիկական հսկողություն: Միայն անցած տարի ուսումնասիրվել և կասեցվել է 550 շինկազմակերպությունների աշխատանքներ և 53 մլն դրամ գումար է վերականգնվել պետբյուջե»,-ասաց նա:
Անդրադառնալով «ատկատներին»՝ նախարարն ընդգծեց, որ 15%-ի տնտեսումը խոսում է հենց նախարարության կողմից ատկատների դեմ պայքարի մասին:
Հարցին, թե նախարարությունը խախտումներ հայտնաբերելով՝ դիմե՞լ է դատախազություն, Սամվել Թադևոսյանը պատասխանեց.
«Ոչ թե ուղարկել ենք դատախազություն, այլ պարտադրել ենք իրականացրել բոլոր աշխատանքները, ինչպես նաև հավելյալ աշխատանքներ իրականացնել: Բայց դեռևս անցած տարի նախարարության կատարած ուսումնասիրություններով մի քանի հարց ուղարկել ենք դատախազություն»,-ասաց նա:










