Բնապահպանության նախարարությունը ՎՊ-ի որոշ առաջարկությունների հետ համաձայն է, որոշների հետ էլ՝ ոչ

14:01 • 02.07.13

ՀՀ բնապահպանության նախարարությունում Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում, և խնդիրները լուծելու համար  մի քանի առաջարկ ներկայացրել: Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին այս մասին հայտնեց բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը՝ տեղեկացնելով, որ ՎՊ-ի հաշվետվության մասին վարչապետի հանձնարարականով բացատրություններ տալու է ինքը, քանի որ նախարարն արձակուրդում է:

 

Սիմոն Պապյանը նշեց, որ իրենք ՎՊ-ի որոշ արձանագրությունների հետ համաձայն են, որոշների հետ՝ ոչ:

Համաձայն չեն մասնավորապես այն կետին, որում նշված է.««Թափոնների մասին» օրենքում պետք է կատարել համապատասխան փոփոխություններ՝ հստակեցնելով թափոնների տեղադրում և թափոնների պահում հասկացությունները»:
 

«Օրենքի 4-րդ հոդվածում հստակ նշված է, որ թափոնի տեղադրում՝ նշանակում է թափոնի մեկուսացում, ինչը բացառում է թափոնի հետագա օգտագործումը, իսկ թափոնի պահում՝ ժամանակավոր տեղադրում է նշանակում, որը կարող է հետագայում՝ որպես երկորդային հումք օգտագործվել ու հեռացվել»,- մասնագիտական բացատրություններ տվեց փոխնախարարը:
 

Սիմոն Պապյանը նշեց, որ իրենք համաձայն են ՎՊ-ի այն եզրակացության հետ, ըստ որի՝ վտանգավոր թափոնների օրենսդրական դաշտում անելիքներ կան: Բնապահպանության փոխնախարարն ընդգծեց, որ հարցով զբաղվում է համապատասխան աշխատանքային խումբը, որը, բացի «Թափոնների մասին» օրենքից, նաև պետք է վեր հանի «Բնապահպանության վճարների դրույքաչափերի» մասին ՀՀ օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի բացերը։
 

«Արտադրական և շինարարական թափոնները համարվում են վտանգավոր թափոններ, իսկ կենցաղային թափոնը չորրորդ կարգի վտանգավորության աստիճան ունի: Բյուջեից թափոնների կարգավորման ոլորտում 11 մլն դրամ է հատկացված: Հաշվետու շրջանում ուսումնասիրություները կատարվել են վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում և ոչ մի ֆինանսական չարաշահում չի գրանցվել»,- ասաց Սիմոն Պապյանը և ավելացրեց, որ նախարարությունը հատկապես մեծ անելիքներ ունի կենցաղային աղբի հետ կապված խնդիրները լուծելու համար։