Յակուտիայում «ՄԻ-8» ուղղաթիռի կործանման հետևանքով 15 մարդ է զոհվել
Ռուսաստանի Դաշնության Յակուտիայի Հանրապետության Ուստ-Յանի շրջանում այսօր առավոտյան «ՄԻ-8» ուղղաթիռի կործանման հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 15 մարդ, հայտնում է lenta.ru-ն։
«Полярные авиалинии» ավիաընկերության ուղղաթիռը Դեպուտատսկի գյուղից դեպի Ուստ-Յանսկ չվերթ կատարելիս է եղել։ Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ ժամը 10։40-ին՝ գյուղից մոտավորապես 50 կմ հեռավորության վրա։
Ընդհանուր առմամբ, ուղղաթիռում գտնվել է 25 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 3 անդամ և 11 երեխաներ (այլ տվյալներով՝ 28 մարդ, ներառյալ անձնակազմի 3 անդամները)։
Ընդ որում` Յակուտիայում ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում նշել են, որ «զոհվածների մասին տեղեկությունը հորինված է», քանի որ ընկած ուղղաթիռի հետ կապ չկա։
Վթարի պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։ Դեպքի վայր են մեկնել 2 «ՄԻ-8» ուղղաթիռ և «Ան-26» պարեկային ինքնաթիռ։










