ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիլնյուսում մասնակցում է ԵՄ կազմակերպած սեմինարին

15:30 • 03.07.13

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-ից 3-ը այցելել է Վիլնյուս` Եվրոպական Միության նախագահությունը ստանձնող Լիտվայի պաշտպանության նախարարության կազմակերպած ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում «Եվրոպական ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականությանը» նվիրված սեմինարին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը մասնակցել է նաև Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը: Սեմինարի ընթացքում Դ.Տոնոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ Հայաստանի և Եվրոպական Միության միջև Արևելյան գործընկերության շրջանակներում պաշտպանական համագործակցության գոյություն ունեցող հնարավորությունների օգտագործման համար առաջարկել է մի շարք մոտեցումներ` միջազգային այլ կազմակերպությունների` ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ, հետ ՀՀ համագործակցության ծրագրերի կրկնության բացառումը և փոխլրացումը ապահովելու պարագայում:

Մասնավորապես, հաշվի առնելով, որ ինչպես սահմանվում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված ներգրավման գործընթացներին ՀՀ լիիրավ մասնակցությունը համապատասխանում է ՀՀ շահերին։

Նաև նշվել է որ հաջորդ տարի նախաձեռնվելիք պաշտպանության ռազմավարական նոր վերանայման ընթացքում պաշտպանության պլանավորման նկատառումներում ԵՄ-ի հետ համագործակցության դերի հստակեցմանը լրացուցիչ ուշադրություն կհաղորդվի: