Բոլորը պետք է հարգեն օրենքի գերակայությունը. ՄԻԵԴ նախագահ

12:06 • 03.07.13

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակում այսօր Ազգային ժողովում մեկնարկած «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանն (աջից առաջինը) իր ելույթում ասաց, որ բոլորը պետք է հարգեն օրենքի գերակայությունը:

«Եվրոպական օրենքի չափորոշիչներն այս ժողովի հիմքերն են հանդիսանում: Պետք է հարգվեն կոնվենցիայում (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա – Tert.am) ամրագրված իրավունքները և ազատությունները»,- ասաց նա:
 

Դին Շպիլմանն ընդգծեց խորհրդաժողովի կարևորությունը և նշեց, որ կցանկանար, որպեսզի այս ավանդույթը շարունակվեր ավելի երկար:


«Այս խորհրդաժողովը շատ կարևոր է նաև այն առումով, որ այն անցկացվում է Հայաստանի նախագահության շրջանակներում: Նախագահության ընթացքում Հայաստանն արդեն իսկ առաջին ձեռքբերումն է ունեցել` ստորագրելով 15-րդ արձանագրությունը»,- ասաց Դին Շպիլմանը` հավելելով, որ դա հնարավորություն կտա ՄԻԵԴ-ին ավելի արդյունավետ աշխատել:
 

ՄԻԵԴ նախագահի խոսքով` այդ արձանագրությունը ստորագրվեց քսան երկրների կողմից:

«Ես հույս ունեմ, որ Հայաստանի նախագահությունը շարունակական կլինի մյուս երկրների կողմից: Հայաստանի համար երկրորդ ձեռքբերում կարող է լինել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վերջնականացումը, որը նոր կարևորություն կտա մարդու իրավունքների դատարաններին»,-ասաց ՄԻԵԴ-ի նախագահը` նկատելով, որ մեծ պոտենցիալ է տեսնում ազգային դատարանների համար:

Նա նաև նշեց, որ կա ճանապարհ, որը պետք է անցնել այս ամենը իրականություն դարձնելու համար:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր հերթին ասաց, որ վենետիկյան հանձնաժողովի համար սա արդեն լավ ավանդույթ է դարձել:
 

«Մենք ուրախ ենք, որ այս ժողովն անցկացվում է հենց Հայաստանում և, շատ լավ է, որ հենց նախագահության ընթացքում: Պետք է ասեմ, որ որոշումները պետք է կայացնել սոցիալական իրականությունից ելնելով և դատարաններին չենք կարող ստիպել կույր կերպով հետևել օրենքներին, քանզի օրենքները չեն կարող դիտարկել կիրառման բոլոր ոլորտները»,-ասաց նա։
 

Ջիանի Բուքիքիոն նշեց, որ ժամանակակից պետությունը պետք է ճկուն լինի, որպեսզի կարողանա արձագանքել բոլոր խնդիրներին: «Մարդու իրավունքների հարգումը պահանջում է հավասարակշռության պահպանում իշխանությունների կողմից: Սահմանները պետք է փոխկապակցված լինեն: Ընդհանուր գործընթացը պետք է առավելագույն թափանցիկ լինի»,-ասաց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն: