Ժողովրդավարության հարցերում Հայաստանը ոչ թե հետ, այլ առաջ է գնում. Է. Շարմազանով

15:25 • 03.07.13

Հայաստանում իրավունքների գերակայության, ժողովրդավարության ու խոսքի ազատության զարգացման հետ կապված տեմպերը աստիճանաբար գնալով զարգանում են, ու Հայաստանը գնում ոչ թե հետքայլ է անում, այլ գնում առաջ. այսօր ԱԺ–ում մեկնարկած «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակում ՀՀ կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ ԱԺ փոխխոսնակը նաև ասաց, որ Հայաստանում ամեն ինչ ուզում են լուծել հենց հիմա ու միանգամից։

«Բայց այդպես չի լինում: Միջազգային շատ կառույցների դիտարկմամբ, եթե հինգ, վեց տարի առաջ օրակարգային էր, թիվ մեկ խնդիրներից էր խոսքի ազատությունը, իրավունքի գերակայությունը, այս հարցերում մենք հիմա խնդիրները քչացրել ենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ ՀՀ-ում ժողովրդվարական բարեփոխումների ընթացքը լինի վերջնական ու անշրջելի»,- ասաց նա:
 

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ դժբախտաբար, կան մարդիկ, ովքեր իրենց օրենքից վեր են դասում։ «Օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար: Այն մարդիկ, ովքեր օրենք են խախտում , պետք է պատժվեն»,- ասաց նա։