Եգիպտոսի ԶՈՒ հրամանատարությունն արտահերթ հանդիպում է անցկացնում
Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը երկրի իշխանություններին ներկայացված վերջնագրի ժամկետի լրանալուց ժամեր առաջ արտահերթ հանդիպում է կազմակերպել, հայտնում է РИА-Новости-ն՝ հղում անելով Reuters-ին։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունն իշխանություններին վերջնագիր էր ներկայացրել՝ 48 ժամ տալով «ժողովրդի պահանջները կատարելու համար»։ Հակառակ դեպքում սպառնացել էր դիմել «գործողությունների»։
Սրան ի պատասխան նախագահ Մուհամեդ Մուրսին ասել է, որ չի իրականացնի վերջնագրի պահանջները, և որ ինքը ժողովրդավար նախագահ է։
Վերջնագրի ժամկետը լրանում է այսօր՝ Երևանի ժամանակով 18։30-ին։
Եգիպտոսում ներքաղաքական իրավիճակը սրվել է հունիսի 30-ին տեղի ունեցած նախագահի վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիաներից հետո։










