Հայաստանը հավատարիմ է եվրոպական արժեքներին և պատրաստակամ՝ ինտեգրվել մեծ ընտանիքին. ԱԺ նախագահ

12:53 • 03.07.13

««Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի խորհրդանշական է ոչ միայն այն առումով, որ խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, այլև փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և պատրաստակամությունը՝ սերտորեն ինտեգրվել եվրոպական մեծ ընտանիքին». այսօր Ազգային ժողովում անցկացվող խորհրդաժողովին ողջյունի խոսքում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

ԱԺ նախագահը ներկաներին և հյուրերին հիշեցրեց, որ ընդամենը երկու օրից Հայաստանը նշելու է Սահմանադրության օրը:

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք համապետական տոնի առթիվ: Երիտասարդ ժողովրդավարությամբ պետություն լինելով հանդերձ՝ ՀՀ-ն ունի սահմանադրական սկզբունքների հարուստ ավանդույթներ՝ իրավունքի նորմերի ու մեր ազգային արժեհամակարգի հաջողված համադրումով: Մասնավորապես, այս տարի լրանում է 18-րդ դարի հայ հայտնի հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատության 240-ամյակը: 1773 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած աշխատությունը, դեռևս 18-րդ դարում սահմանելով ժամանակակից ժողովրդավարական պետության մոդելը, ըստ էության, սահմանադրություն էր, ընդ որում՝ բավականաչափ առաջավոր եվրոպական մտածողությամբ»,-ասաց նա:
 

Հովիկ Աբրահամյանն առանձնահատուկ նշեց, որ համաեվրոպական երևանյան խորհրդաժողովի թեման մեծապես կարևորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի կողմից:

«Խորհրդաժողովն իրական հնարավորություն է՝ քննարկումների, գնահատականների ու առաջարկությունների միջոցով իրավունքի գերակայությունն ավելի հասանելի ու ընկալելի դարձնել ոչ միայն եվրոպական մայրցամաքի անմիջական դերակատարների, այլ նաև մեր տարածաշրջանի այն երկրների ու իշխանությունների համար, որոնք, կարծում եմ, լուրջ անելիքներ ունեն այդ բնագավառում: Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի օբյեկտիվորեն գնահատել իրավիճակն իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչների և իշխանությունների հայեցողության տեսանկյունից»,-ասաց նա և նշեց, որ խորհրդաժողովի թեման այժմեական է Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող շատ պետությունների և ոչ միայն նրանց համար:
 

Վերջում ԱԺ նախագահը, հաջողություն մաղթելով նիստի մասնակիներին իրենց աշխատանքներում, հույս հայտնեց, որ նրանք նաև հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի հինավուրց երկրին: