Մինչ Սոչիի Օլիմպիական խաղերը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել չի հաջողվի. Իվանիշվիլի

09:27 • 03.07.13

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին գերմանական Deutsche Welle պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման առաջին փուլն անցել է շատ արագ ու բարեհաջող, և հարաբերությունների հետագա կարգավորման հեռանկար կա։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, վարչապետն ասել  է, որ ներկայում վերականգնված են առևտրային հարաբերությունները, և վրացական արտադրանքն արդեն ռուսական շուկայում է։ Սակայն նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ 2 երկրների միջև դեռևս գոյություն ունեն որոշ տարաձայնություններ, այդ թվում՝ կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի հետ։

 

«Այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ, մինչ Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր չի լինի»,-ասել է Իվանիշվիլին, ում կարծիքով՝ միայն բարեկամական հարաբերությունների ու բանակցությունների շնորհիվ է հնարավոր լուծել այդ հարցերը։ Նա նաև չի բացառել, որ Օլիմպիական խաղերը կարող են բեկումնային պահ լինել 2 երկրների հարաբերություններում։

 

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցին՝ վարչապետը շեշտել է, որ թեև ՆԱՏՕ-ին անդամակցելն ու միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ լինելը դժվար է, սակայն կան մի շարք երկրներ՝ Լեհաստան, Չեխիա, որոնց դա հաջողվել է։