Իրանի նախագահն «այո» է ասում Facebook-ին և դեմ չէ հիջաբ չկրելուն
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին, ով բավականին առաջադեմ հայացքներ ունի իսլամական «դրես կոդի» ու խոսքի ազատության վերաբերյալ, համակրանք է տածում նաև աշխարհի խոշորագույն սոցկայք Facebook-ի նկատմամբ։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, իրանական երիտասարդական Chelcheragh ամսագրի հետ զրույցում նախագահն ընդգծել է, որ սոցիալական ցանցերը ողջունելի են Իրանում։ Ռոուհանին ընդգծել է, որ ինքը կաշխատի երկրում առկա համացանցային գրաքննությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։
«Համացանցային գրաքննության համար քաղաքական դրդապատճառներ կան, քանի որ մտավախություն կա, որ առցանց դաշտում մարդիկ ազատություն կստանան։ Սակայն գրաքննությունը չի կարող դրական պտուղներ տալ»,-ասել է իսլամական պետության ղեկավարը։
Անդրադառնալով կանանց հիջաբ կրելու հարցին՝ Ռոուհանին նշել է, որ ինքն այն կարծիքին չէ, որ եթե կինը չի ծածկել գլուխն ու ձեռքերը, ապա նա անբարոյական է։
«Ես դեմ եմ նման կարծրատիպերին, և եթե կինը կամ տղամարդը հագնվելու մեր կանոններին չի հետևում, ապա դա չի կարող նրա բարոյականությունը կասկածի տակ առնելու պատճառ հանդիսանալ։ Իմ կարծիքով՝ շեշտը պետք է դրվի բարոյականության, այլ ոչ թե հիջաբ կրելու կամ չկրելու վրա»,-ասել է նախագահը։










