Ովքեր են մասնակցել ԱՄՆ անկախության տոնի առթիվ ԱՄՆ դեսպանատան ընդունելությանը
ԱՄՆ անկախության 237-րդ տարեդարձի կապակցությամբ երեկ Երևանում ԱՄՆ դեսպանատանը ի տարբերություն նախորդ տարիների համեմատաբար քիչ են եղել քաղաքական գործիչները և ավելի շատ՝ հասարակական սեկտորի ու բուհերի (ռեկտորներ) ներկայացուցիչները: Երեկ ընդունելությանը ներկա չեն եղել վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Փոխարենը, ներկաների թվում են եղել օրենսդիր, գործադիր մարմնի այլ հանրապետական ներկայացուցիչներ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ Հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ: Ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ներկաների թվում են եղել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Գուրգեն Արսենյանը՝ որպես «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ:
Նշենք, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով Հայաստանում է, երեկ միջոցառմանը ներկա չի եղել:
Իսկ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերից երեկ ներկա են եղել «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից՝ Նիկոլ Փաշինյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից»՝ Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը, «Հանրապետություն» կուսակցությունից՝ Արամ Սարգսյանը:
Ըստ ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իրենց խոսքում բարձր են գնահատել հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը:
Իր ողջույնի խոսքում դեսպան Հեֆերնը նշել է, որ տարին նշանավորվում է «հայ-ամերիկյան ամուր կապերի պահպանմամբ» և բարձր մակարդակում կանոնավոր կերպով ապահովվող քաղաքական և դիվանագիտական երկխոսությամբ:
«Մեր հիմնական գերակայությունը տնտեսական կապերի խորացումն է առևտրի ու ներդրումների ծավալների մեծացման ու գործարար միջավայրի բարելավման միջոցով: Մենք աշխատում ենք, մեր ժողովուրդների միջև առկա կապերի վրա հիմնվելով, ձևավորել փոխշահավետ տնտեսական հնարավորություններ»:
Դիվանագետը ողջունել է ԱՄՆ դեսպանության հետ աշխատող տարբեր կազմակերպություններին, անհատներին, խմբերին ու քաջալերել նրանց համագործակցությունը:
Միջոցառմանը հնչել է «քանթրի» երաժշտություն՝ հայկական «Իմեջին բենդ»-ի կատարմամբ: «Նանե» պարային ստուդիան էլ ներկայացրել է «քանթրի» խմբապար:










