Ուսանողական միջոցառումներ Արցախում

19:58 • 04.07.13

Երևանի պետական համալսարանի Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 5-7-ը Արցախի պետական համալսարանում, Քարվաճառի մշակույթի տանը և զորամասում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, ուսանողական գիտական ընկերության, ուսանողական խորհրդի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողով և Քարվաճառի ազատագրման 20-ամյակին նվիրված համերգ: Ծրագրի շրջանակներում շուրջ 200 համալսարանականներ կայցելեն Արցախ:


Հաղորդագրության մեջ ասվում է, որ գիտաժողովի օրակարգում ընդգրկվելու են շուրջ 30 զեկուցումներ, կլինեն նաև կլոր-սեղան քննարկումներ: Ծրագրի նպատակն է հայ երիտասարդության ուշադրությունը վերստին հրավիրել Արցախյան շարժման ակունքների, պատճառների, կարևոր դրվագների և հետևանքների վրա, գիտական աշխատանքներ կատարող ուսանողներին հնարավորություն տալ հրապարակավ ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, խրախուսել գիտությամբ զբաղվող ուսանողներին, նպաստել գիտական կադրերի պատրաստմանը, համախմբել երիտասարդական գիտական ներուժը, զարգացնել ԵՊՀ-ԱրՊՀ միջբուհական համագործակցությունը, բարձրացնել հայ երիտասարդության հայրենասիրական ոգին, կարևորել Քարվաճառի կենսական նշանակությունը հայ ժողովրդի համար:


Ծրագրի իրականացմանն աջակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ):