Եվրամիությունը կոչ է արել Եգիպտոսին վերադառնալ ժողովրդավարական գործընթացին

13:00 • 04.07.13

Եվրոպական Միությունը Եգիպտոսում ստեղծված լարված իրավիճակի բոլոր կողմերին կոչ է արել որքան հնարավոր է շուտ «վերադառնալ ժողովրդավարական գործընթացին» և առավելագույն զսպվածություն դրսևորել, հայտնում է Росбалт.ru-ն։

 

«Ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ ժողովրդավարական գործընթացին, այդ թվում նաև անցկացնել ազատ և ազնիվ նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ընդունել Սահմանադրություն՝ ժողովրդավարությանն անցումը վերականգնելու և ավարտելու նպատակով»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը։

 

Նա դատապարտել է նաև բռնության բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունենում Եգիպտոսում և կոչ արել բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն դրսևորել, իսկ բանակին կոչ է արել անել հնարավորը՝ բնակիչների կյանքի անվտանգության և բարեկեցության համար։