Գլենդեյլում 81-ամյա հայի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել՝ փողոցում տերևներ այրելու ու հարևանի տան ցանկապատը հրկիզելու համար
ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) տարեց հայը մեղադրվում է հարևանի տան ցանկապատը հրկիզելու մեջ:
Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, 81-ամյա Մարտիկ Եսայանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել՝ անթույլատրելի վայրում չորացած տերևներ այրելու և հարևանի տան ցանկապատը հրկիզելու համար:
Դեպքը տեղի է ունեցել անցած ուրբաթ. Մարտիկի հարևանը դիմել է ոստիկանություն և պատմել, որ Եսայանը օրը ցերեկով փողոցում կրակայրիչով այրել է չոր տերևների կույտը, ապա մոտեցել է իր տան ցանկապատին ու հրկիզել այն:
Կինը փորձել է «կանգնեցնել» Եսայանին՝ պահանջել է անջատել կրակայրիչը, նա, սակայն, հարևանի խոսքը չի լսել. փայտյա ցանկապատը կրակով կպցրել է և հեռացել...
Եսայանի արարքի դրդապատճառները չեն հաղորդվում. հետաքննությունը շարունակվում է:
Հայ տղամարդը երեկ բերման է ենթարկվել ոստիկանություն: Glendalenewspress.com-ը հավելում է, որ տարեց հայն առողջական խնդիրներ ունի. մինչև ոստիկանների ժամանելը նա իր տուն շտապօգնություն էր հրավիրել:










