Մերժել են մեր բոլոր օրենսդրական նախաձեռնությունները. Նաիրա Զոհրաբյան

20:00 • 04.07.13

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 5-րդ գումարման խորհրդարանի արդեն անցած նստաշրջանի ընթացքում քաղաքական մեծամասնությունը տապալել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:

 

«Հիմնականում այն նախաձեռնություններն են, որ մեր նախընտրական ծրագրում ներառել էինք որպես գերակայություններ, որոնք, հիմնականում, ուղղված էին փոքր և միջին ձեռներեցության հոգսը թեթևացնելուն: Դրանք նպատակաուղղված էին տաքսիստների, ստոմատոլոգների խնդիրները կարգավորելուն, շահութահարկի, արտոնագրային վճարներին ուղղված, գեղարվեստական գրականությունը ավելացրած արժեքի հարկից ազատելուն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Ըստ վերջինիս՝ դրանք բոլորը կառավարության կողմից արժանացել են բացասական վերաբերմունքի և նախաձեռնություններից և ոչ մեկը չի հասել խորհրդարանական քննարկման ռեժիմի:

 

«Եթե կառավարությունը տալիս է բացասական եզրակացություն, ապա, բնականաբար, խորհրդարանական մեծամասնությունը, հետևելով իրենց կառավարության ուղեցույցին, «մեսիջին» քվեարկել է մեր նախագծերը օրակարգ ներառելուն դեմ»,- ավելացրեց ԲՀԿ-ական պատգամավորը:

 

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն է տվել ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական երկու նախաձեռնություններին: Երկուսում էլ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխություններից մեկը վերաբերում է ԱԱՀ գանձումը ՀՀ մաքսային սահմանին 90 օրով հետաձգելուն, մյուսով առաջարկվում է ԱԱՀ վճարումը երեք տարով հետաձգել ոչ թե 300, այլ 200 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի դեպքում։

 

Ամառվա ընթացքում ԲՀԿ խմբակցությունն աշխատելու է Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «ավանդների արժանապատիվ վերադարձի» մասին օրենքի վրա, որովհետև ավանդների փոխհատուցման ներկայիս կարգը, նրա գնահատմամբ՝ ուղղակիորեն ծաղր ու անպատվություն է ՀՀ այն քաղաքացիներին նկատմամբ, ովքեր խորհրդային տարիներին «Հայխնայբանկում» ունեին ավանդադրված գումարներ:

«Աշնանային նստաշրջանում մենք այն կդնենք շրջանառության մեջ, և իհարկե, ռոմանտիկա է, վստահություն չունեմ, ավելին` վստահ եմ, որ կառավարությունը դրան էլ բացասական եզրակացություն տալու: Բայց նրանով առաջնորդվելը, թե ինչ եզրակացություն պետք է տա կառավարությունը և մեր՝ ժողովրդին տված խոստումներ չկատարելը, չեմ կարծում, որ ճիշտ ճանապարհ է»,-ասաց պատգամավորը:

Ըստ վերջինիս՝ ԲՀԿ դիրքորոշումը հետևյալն է լինելու.ԲՀԿ-ն կտանի, ՀՀԿ-ն կմերժի, իսկ ժողովուրդն էլ կտեսնի, թե ով ով է: