Նախագահի աշխատակազմից դրամաշնորհներ ստացած ՀԿ–ները գումարը կվերադարձնեն՝ արմավիրցիներին օգնելու համար

18:23 • 04.07.13

ՀՀ նախագահի աշխատակազմի գործընկեր հասարակական կազմակերպություն հանդիսացող «Զարգացում և ինտեգրացիա» ՀԿ–ի օրերս կազմակերպած կլոր սեղանին մասնակցող հասարակական կազմակերպություններին առաջարկվել է Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած ընտանիքներին հնարավոր օգնություն ցույց տալու նպատակով 2013 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներում իրականացված դրամաշնորհային մրցույթներում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների կողմից որպես դրամաշնորհ ստացած գումարները հետ փոխանցել ՀՀ պետբյուջե, տեղեկացնում է Lragir.am–ը։


Կլրո սեղանին մասնակցել են այն ՀԿ–ները, որոնք ՀՀ պետական բյուջեից ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից մրցութային կարգով ստացած դրամաշնորհներով տարբեր ոլորտներում իրականացրել և իրականացնում են բազմաբնույթ ծրագրեր։


Առաջարկվել է, որ այս ՀԿ–ները ծրագրերն իրականացնեն այլ հնարավոր միջոցներով և/կամ կամավոր, և առաջարկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին այդ գումարներն ուղղել Արմավիրի մարզի կարկուտից տուժած ընտանիքներին, որպես օգնություն, տեղեկացնում են Զարգացում և ինտեգրացիա կազմակերպությունից: