Պետությունն ուզում է երաշխավորել մարդու արժանապատիվ մեռնելու իրավունքը
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման վերաբերող հարցեր՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տեսքով:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է .«Մարդը, նրա արժանապատվությունը հանդիսանում են բարձրագույն արժեքներ, ուստի նա պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ ապրելու նաև կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով տառապելու դեպքում, ինչպես նաև երաշխավորվի նրա արժանապատիվ մահանալու իրավունքը»:
Ի պատասխան հարցի, թե ի՞նչ է նշանակում՝ «երաշխավորել արժանապատիվ մեռնելը», Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Հիմա էլ է դա արվում, ուղղակի մենք միջազգայնորեն ընդունված տարբերակին ենք փորձում համապատասխանեցնել դաշտը: Այսինքն՝ քաղցկեղով հիվանդները որպես օգնություն պետությունից հակացավային օգնություն են ստանում՝ թմրամիջոցներ, այլ պրեպարատներ: Բացի դրանից, շատ ծանր դեպքերում հիվանդները հոսպիտալացվում են և ստանում են ավելի ինտենսիվ թերապիա: Հիմա այս ծրագրի ներդրմամբ, որը աշխարհի շատ երկրներում ընդունված է, առաջին հերթին ենթադրվում է օնկոլոգների վերակրթում: Ակնկալում ենք, որ դա կունենա նաև սոցիալական, հոգեբանական էլեմենտ: Եվ հիմա չորս պիլոտային տեղամասերում այս ծրագիրը փորձարկում ենք»:
Հիշեցնենք, որ պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել հիվանդի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:
Սուրեն Քրմոյանն ասաց, որ այս ինստիտուտի ներդրմամբ նախատեսում են ավելի մատչելի, հասանելի դարձնել ցավազրկող թմրամիջոցների ու պրեպարատների գինը, որոնք նրա խոսքով հիմա էլ թանկ չեն:
«Ուղղակի հիմա ավելի շատ օգտագործվում են ներարկային պրեպարատները, մենք ցանկանում ենք ավելի շատ մտցնել հաբերի տեսքով, որը ավելի էժան է»,- ասաց ԱՆ աշխատակազմի պետը:
Ինչպես նշվում է նախագծին կցված տեղեկանք-հիմնավորումում՝ Հայաստանում մահացության տարեկան ընդհանուր ցուցանիշն է 27.000-28.000, ընդ որում այդ դեպքերից շատերի պարագայում անհրաժեշտ է պալիատիվ բժշկական օգնություն: Համաձայն վիճակագրական տվյալների, քաղցկեղով և կյանքին սպառնացող անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց թիվը տարեց տարի աճում է:
Առողջապահության նախարարությունը գտնում է, որ մահացության նման բարձր ցուցանիշների առկայության պարագայում ուղղակի ակնհայտ է պալիատիվ բժշկական օգնության և մատուցվող ծառայությունների շրջանակը համապարփակ իրավակարգման ենթարկելու անհրաժեշտությունը:
Որպես իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն էլ վկայակոչվում է այն, որ Հայաստանում պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկումը որպես բուժօգնության տեսակ նոր երևույթ է, և չնայած գործող օրենսդրությունը հատվածական կարգավորումներ տալիս է այս ոլորտում ծագած հարաբերություններին, այդուhանդերձ, այն որպես իր տեսակի մեջ չափազանց առանձնահատուկ, անհրաժեշտություն ունի օրենքով կարգավորված լինելու:
Նշենք, որ արտասահմանում ընդունված է, որ բուժող բժիշկը քաղցկեղով ծանր հիվանդներին տեղեկացնում է հիվանդության մասին՝ անկախ նրանից, թե հիվանդությունը որ փուլում է գտնվում, տարածվածության ինչ աստիճան ունի: Մինչդեռ Հայաստանում շատ են դեպքերը, երբ հիվանդի հարազատների խնդրանքով հիվանդը տեղյակ չի լինում իր հիվանդությունից՝ մասնակիորեն կամ ամբողջությամբ:
Ի պատասխան հարցի, թե նախատեսվու՞մ է արդյոք նաև այս իմաստով Հայաստանում կիրառվող պրակտիկայի փոփոխություն, Սուրեն Քրմոյանն ասաց, որ հենց երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ քննարկել են մի դեպք, երբ հարազատներն անբուժելի հիվանդին հայտնել են այդ մասին:
«Բժիշկը օրենքի տեսանկյունից պարտավոր է հիվանդին հայտնել, քանի որ հիվանդն էլ ունի իրազեկված լինելու իրավունք։Ուղղակի մենք հիմա քննարկում ենք միջազգային փորձը, որ ապահովենք սրա հոգեբանական ու էթիկական կողմերը»,- ասաց Սուրեն Քրմոյանը:










