Բյուջեի վատնման հետ կապված՝ եկել է պատասխան տալու ժամանակը. վարչապետ

12:02 • 04.07.13

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ նախքան օրակարգի հրապարակումը անդրադարձավ նախորդ տարվա սեպտեմբերին կառավարությունում անցկացված նախագահի խորհրդակցությանը, որը վերաբերում էր գնումների ու այլ ոլորտներում պետական բյուջեի վատնմանը։ Վարչապետը հայտարարեց, որ եկել է պատասխան տալու ժամանակը։


«Մեծածավալ աշխատանք ենք կատարել, ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցները վերապատրաստում են անցել: Եկել է պատասխան տալու ժամանակը»,- ասաց նա:
 

 

Վարչապետի խոսքով՝ բոլոր նյութերը ուսումնասիրության համար տրամադրվել են նախարարներին: «Խիստ ենք լինելու յուրաքանչյուր խախտման նկատմամբ»,- ասաց նա և հանձնարարեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին կազմված ակտերը, ստուգումների արդյունքները ներկայացնել հանրությանը, և բոլոր բացահայտումներն ուղարկել իրավապահ մարմիններին. «Այդ բոլոր նյութերը տրամադրվելու են ձեզ, որպեսզի դուք ուսումնասիրեք, և այսուհետև վերահսկողության ծառայության կողմից արված ստուգումների արդյունքներն ուղարկեք իրավապահ մարմիններին»։


Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարության հաջորդ նիստերից մեկում կանդրադառնան Ֆինանսների նախարարության այս ստուգումների արդյունքներին՝ ըստ գերատեսչությունների: