Սիրիացի ընդդիմադիրները նոր առաջնորդ են փնտրում

15:12 • 04.07.13

Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի (ՍՀԸՈւԱԿ) ներկայացուցիչներն այսօր Ստամբուլում կքննարկեն նոր ղեկավարի նշանակման հարցը, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով կազմակերպության աղբյուրներին։

 

ՍՀԸՈւԱԿ-ն արդեն մի քանի ամիս է չունի առաջնորդ։ Այս տարվա մարտին հրաժարական էր տվել կազմակերպության նախկին ղեկավար Մոազ ալ-Հաթիբը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության անդամների հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով։

 

Կոալիցիայի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց կողմնակիցները չեն ցանկանում մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի կրկնություն։ Այդ ժամանակ պահանջվել էր Թուրքիայի, արևմտյան և արաբական երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջամտությունը, որպեսզի կոալիցիան չքանդվեր։

 

Կոալիցիայի աղբյուրները նշել են, որ նոր ղեկավարությունը պետք է ցույց տա, որ կարող է ամրապնդել կապը Սիրիայի ակտիվիստների և ապստամբների հետ։


«Լավագույն որոշումն է՝ ստեղծել խորհուրդ, որը կազմված կլինի քաղաքացիներից և զինվորներից, և տեղափոխվել Սիրիա»,- ասել է ՍՀԸՈւԱԿ-ի բարձրաստիճան անդամ Քամալ ալ-Լաբվանին։


Ալ-Հաթիբի հրաժարականից հետո ՍՀԸՈւԱԿ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել Ջորջ Սաբրան։