Սյունիքի մարզպետ կնշանակվի Վահե Հակոբյանը

21:48 • 04.07.13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Սյունիքի մարզպետ կնշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ի կեսգիշերին սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի մարզպետի ազգականն է և թիկնապահը, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին։

 

Դրանից հետո Սուրիկ Խաչատրյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել էր, որ վայր է դնում մարզպետի լիազորությունները՝ մինչև նախաքննության ավարտը։


Այնուհետև հունիսի 6-ին Սուրիկ Խաչատրյանը իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Վահե Հակոբյանը շատ արդյունավետ կաշխատի այդ պաշտոնում: Նա ունի տնտեսագիտական ոլորտում շատ լուրջ փորձ, տնտեսական գիտությունների թեկնածու է:


«Ամենակարևորը՝ վայելում է սյունեցիների հարգանքը»,-ասաց նա: 

 

լուսանկարը hetq.am-ի