Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն այսօր կներկայացնի սահմանադրական հռչակագիրը
Եգիպտոսի անցումային կառավարության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը, ով պաշտոնապես երդվել է հինգշաբթի, այսօր՝ մոտակա մի քանի ժամվա ընթացքում կներկայացնի սահմանադրական նոր հռչակագիրը։ Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին։
Anadolu լրատվական գործակալությունն իր հերթին նկատում է, որ հայտարարվելիք հռչակագիրը կկրի ժամանակավոր բնույթ։ Անանուն աղբյուրն Anadolu-ին հայտնել է, որ փաստաթուղթը, ըստ ամենայնի, կլուծարի Եգիպտոսի 270 հոգանոց խորհրդարանի վերին պալատը, որտեղ առավելապես իսլամիստական ուժերն են գերիշխում։ Բացի այդ, հռչակագիրը կոչ կանի կազմավորել տեխնոկրատ կառավարություն։
Ըստ Եգիպտոսի ռազմական հրամանատարության որոշման՝ երկրի գլխավոր դատախազ Մանսուրն այնքան ժամանակ կպաշտոնավարի, քանի դեռ նոր նախագահը չի ընտրվի։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում ներքաղաքական ճգնաժամը սկսվել է հունիսի 30-ին տեղի ունեցած բազմամիլիոնանոց բողոքի ցույցերից հետո, որոնք ուղղված են եղել նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ։ Երկրի ռազմական հրամանատարությունը օրեր առաջ 48-ժամյա վերջնագիր է ներկայացրել նախագահին, սակայն երբ վերջինս հրաժարվել է վայր դնել իր լիազորությունները, զինվորականները նրան պաշտոնանկ են արել։ Այժմ Մուրսին գտնվում է կալանքի տակ։










