ՍԴ նախագահը գտնում է, որ Սահմանադրության ռիսկերը նվազագույնի են հասցված, Ա. Ղուկասյանը հակադարձում է՝ «սա Սահմանադրություն չէ»

12:27 • 05.07.13

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը, թեև կատարյալ չէ, բայց այն ժամանակի ընթացքում բարեփոխվել է, ու ռիսկերը նվազագույնի են հասցվել։ Իսկ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հակադարձում է՝ «սա Սահմանադրություն չէ»։


«Մեր երկրում սահմանադրական բարեփոխումների վեց ճանապարհներից երեքը սահմանադրորեն անգործության են մատնված»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախագահը։


Նա պատմական անդրադարձ կատարելով՝ նշեց, որ դեռևս 1995-ին Հայաստանն ընտրեց սահմանադրական օրենքի ընդունման ճանապարհը։


«Հայաստանը գնաց սահմանադրական օրենքի ընդունման ճանապարհով, առաջին տարիներին հարաբերությունները կանոնակարգելով, քանի որ մեր կյանքի պահանջն էր, որ առանց սահմանադրական լուծումների հնարավոր չէ առաջ գնալ»,- ասաց նա և նկատեց, որ դրան զուգահեռ Հայաստանն ընտրեց մոդելային սահմանադրության ընդունման ճանապարհը։


«Դա նշանակում էր, որ գործարկված մոդելը այս կամ այն չափով տեղայնացվում էր։ Սա բավականին լայն տարածում գտավ աշխարհի տարբեր երկրներում, որոնք փլուզումներից հետո փորձում էին ինքնուրույն ճանապարհ անցնել»,- ասաց նա:


ՍԴ նախագահը նկատեց, որ այդ սահմանադրությունները ռիսկային էին այնքանով, որ ենթադրում էին մի հարաբերությունների կանոնակարգումը տեղափոխել մեկ այլ սոցիալական դաշտ: «Սա նման էր օրգանի պատվաստման և հաճախ երկրորդ փուլի խնդիր էր առաջանում. ինչպես կատարելագործել համակարգը, որ այդ ռիսկերը նվազագույնի հասցվեին»,- ասաց նա:


Խոսելով ՀՀ Սահմանադրությունում առկա բացթողումներից՝ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ արդեն 1998-ից լուրջ քայլեր են արվել նրա հետագա զարգացման համար։

«Դրանք որոշակի ամփոփման հասցվեցին 2001-ին, երբ Վենետիկի հանձնաժողովի թվով 7 երկրների ներկայացուցիչների հետ միասին նախաձեռնվեց սահմանադրական բարեփոխումների փաթեթի մշակում։ Փաթեթում ներկայացված էր 25 երկրների սահմանադրական պրակտիկան, առաջացած խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, որը, սակայն, 2003-ի հանրաքվեի ժամանակ չընդունվեց»,- ասաց նա և նշեց, որ խնդրի լուծումը մնաց օդում կախված:


«2005-ին որոշակի լուծումներ գտնվեցին և Վենետիկի հանձնաժողովի ակտիվ միջամտությամբ փոփոխություններն ընդունվեցին»,- ասաց նա:


Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի պնդմամբ՝ ՀՀ Սահմանադրության թերությունները շատ ավելին են։


«ՀՀ Սահմանադրությունը հանրության համար իրավունքի սահմանափակման օրենք է։ Այն նաև պետական մենաշնորհի ինստիտուտ է, երբ իշխող կուսակցությունն է որոշում ում, որտեղ, ինչ պաշտոնի նշանակել։ Սահմանադրությունը տալիս է այդ էքսկլյուզիվ իրավասությունը: Սրանք Սահմանադրության թերություններն են. չկա իշխանության բաժանում, իշխանության բալանս, այստեղ Սահմանադրություն ընդհանրապես չկա»,- նշեց նա:


«Բոլորը ղեկավարվում են մեկ կենտրոնից: Եթե Սահմանադրությունը թույլ է տալիս, որ իշխող կուսակցությունն ունենա պետական կառավարման ողջ մենաշնորհը, ապա, ըստ էության, հանրությունը չունի Սահմանադրություն: Դա Սահմանադրություն չէ: Մենք այսօր տեսնում ենք հանրության անտարբերություն, իսկ այդ անտարբերության աղբյուրը մեր պետական կարգի թերություններն են, որ բերում են քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծման: Այն հնարավորություն է տալիս սակավաթիվ մարդկանց իրար մեջ բաժանել պետական բարձրագույն պաշտոնները և դրա միջոցով նաև տնտեսության ոլորտները բաժանել մենաշնորհների»,- ասաց նա:

 

Մեջբերելով ՀՀ Սահմանադրության ամենակարևոր թեզը, ըստ որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքագետը նշեց, որ այստեղից էլ սկսվում է Սահմանադրության ոտնահարումը։


«Սա կարևորագույն թեզ է, մինչդեռ Սահմանադրությամբ նախատեսված ներկայացուցչական մարմինը՝ ԱԺ-ն, գտնվում է քրեաօլիգարխիկ համակարգի վերահսկողության տակ: Մենք ականատես եղանք, որ շինծու ընտրությունների ու կաշառք բաժանելու միջոցով վերահսկողության տակ վերցվեց մեր ժողովրդի ներկայացուցչական մարմինը: Ժողովուրդը զրկված է իր իշխանությունն իրականացնելու սահմանադրական իրավունքից: Ուստի մեր ժողովուրդը պետք է օգտվի իշխանության իրականացման ուղիղ ձևերից. դա անհնազանդությունն է ու քաղաքացիական պայքարը»,- եզրափակեց նա:

 
Լուսանկարը՝ aravot.am-ի