Այս օրը պատմության մեջ. առաջին տուրիստական գործակալությունը, «բիկինի» լողազգեստները և «Նանսենյան անձնագրերը»

13:56 • 05.07.13

Առաջին տուրիստական գործակալությունը


1841թ. հուլիսի 5-ին Անգլիայից 33-ամյա Թոմաս Կուկը, ով ակտիվ պայքարում էր հարբեցողության դեմ, կազմակերպում է աշխարհում առաջին խմբակային տուրիստական ուղևորությունը։ Նրա պահանջով Midland Counties Railway երկաթուղային ընկերությունը հատուկ գնացք է տրամադրում 570 բանվորների «ոչ ալկոհոլային» ուղևորության համար՝ Լեյսթեր և Լաֆբորո քաղաքների միջև՝ Միջին Անգլիայի Լեսթերշիր կոմսությունում, գրում է calend.ru-ն։

 

Այդպիսով՝ հիմնադրվում է համաշխարհային խմբակային տուրիզմը։ Շուտով ուղևորությունները դառնում են կանոնավոր, իսկ 1850-ական թթ. հայտնվում են երթուղիներ դեպի բազմաթիվ եվրոպական քաղաքներ։ Գործունեությունն իրականացվում էր «Թոմաս Կուկ և որդիներ» գործակալության միջոցով, առաջին գրասենյակի, որը մասնագիտանում է տուրիստական ուղևորությունների գծով։ Ընկերության առաջին հաճախորդներից է դառնում Մարկ Տվենը։


Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ մոդելավորող Լուի Ռիարը ներկայացնում է նոր կանացի լողազգեստ՝ «բիկինի»


1946թ. հուլիսի 5-ին մոդել Միշլեն Բեռնարդինին դուրս է գալիս պոդիում՝ ծածկված միայն երկու բարակ կտորներով։ Հագուստը համարում են ապտակ հասարակական ճաշակին և անմիջապես անվանում «բիկինի»՝ ատոլի անունով (կղզիների խմբեր), որտեղ դրանից 4 օր առաջ ԱՄՆ-ի ատոմային ռումբի փորձարկումներ էին անցկացվել։


«Նանսենյան անձնագրեր»՝ փախստականների համար


1922թ. հուլիսի 3-5-ը Ժնևում կայանում է համաժողով, որտեղ նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենի նախաձեռնությամբ ընդունվում է փախստականների համար նախատեսված վկայականների փաստաթուղթը, որը ստանում է «Նանսենյան անձնագիր» անվանումը։ 

 

Ինչպես նշում է calend.ru-ն, փախստականների խնդիրն արդիական է դառնում միայն 20-րդ դարում, որի հիմնական պատճառն Առաջին համաշխարհային պատերազմն էր ու Ռուսաստանում 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Նանսենը պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել «Նանսենյան անձնագրեր»։