Իսլանդիայի ընդդիմադիր պատգամավորները հանդես են եկել Էդվարդ Սնոուդենին քաղաքացիություն տրամադրելու առաջարկով
Իսլանդիայի խորհրդարանական ընդդիմությունը հանդես է եկել մոսկովյան օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվող ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին քաղաքացիություն տրամադրելու առաջարկով, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Այս նախաձեռնությանը, սակայն, կողմ է արտահայտվել 63 պատգամավորներից ընդամենը 6-ը։ Իսլանդիայի օրենքների համաձայն՝ մարդուն այս երկրում քաղաքական ապաստան կամ քաղաքացիություն կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե նա գտնվում է տվյալ երկրի տարածքում։
Նշենք, որ Սնոուդենին ապաստան տրամադրելու օգտին են հանդես եկել Եվրոպայում մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայում և Գերմանիայում։










