Ո՞վ է իրականում Ազգային ժողովում Հայաստանին «ագրեսոր» անվանած մոլդավացի կին փաստաբանը. հայ բլոգերի անդրադարձը (լուսանկարներ)
Երեկ Հայաստանի Ազգային ժողովում սկանդալային միջադեպ տեղի ունեցավ. «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Աուրելյա Գրիգորիուն Հայաստանը անվանեց «ագրեսոր երկիր»:
Կին փաստաբանը նման հայտարարությամբ հանդես եկավ «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» խորագրով իր զեկույցը ներկայացնելիս: Մոլդովայի ներկայացուցիչը մասնավորապես նշեց, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, ադրբեջանցիների նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն»: «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է (իսկ թե իրականում ինչ է տեղի ունեցել 1992թ. ԼՂ Խոջալու գյուղում, կարդացեք այստեղ- Tert.am)»,-հայտարարեց նա:
Ադրբեջանամետ, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունն արժանացավ հայկական և խորհրդաժողովին ներկա եվրոպացի մյուս հյուրերի հակահարվածին: Մասնավորապես, պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մոլդավացի փաստաբանին կոչ արեց Ազգային ժողովի ամբիոնը չօգտագործել ստահոդ տեղեկություններ տարածելու համար:
«Պարզ է, որ Մոլդովայի ներկայացուցիչը եկել էր Հայաստան հատուկ գերխնդրով: Որպես Մոլդովայի օմբուդսմեն՝ կարող էր իր ելույթի հիմնական ժամանակը և հիմնական թեմատիկան նվիրել իրենց երկրում առկա մարդու իրավունքների պաշտպանությանը, խնդիրներին կամ մերձդնեստրյան հակամարտությանը (հակամարտությունն սկսվել է 1992թ., չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության և Մոլդովայի միջև-Tert.am) և ոչ թե Լեռնային Ղարաբաղին, մինչդեռ բոլորովին այլ պատկեր էր: Համաժողովի թեման ու նյութն բացարձակապես այլ էին, և դրան չէին վերաբերում: Կարիք չկա գիտական խորհրդաժողովն օգտագործել սուտ տեղեկություններ տարածելու համար…»,- հայտարարել էր հայ պատգամավորը:
Լիտվայի մարդու իրավունքների պաշտպանն էլ մոլդավացուն առաջարկեց «ղարաբաղյան հակամարտության փոխարեն խոսել Մոլդովայի սառեցված հակամարտության մասին»:
Թեման մեծ արձագանք գտավ նաև սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և հայկական բլոգներում: Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ իր բլոգում ուշագրավ տեղեկություն է հրապարակել հայ բլոգեր, տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Մոլդովայի օմբուդսմեն Աուրելյա Գրիգորիուն՝ Ադրբեջանի լոբբիստ» խորագրով անդրադարձում Մարտիրոսյանը հրապարակել է մի քանի լուսանկար (վերցված են Գրիգորիուի՝ Facebook սոցիալական ցանցի էջից), որոնցում երևում է, որ կին փաստաբանը բավական ջերմ վերաբերմունք ունի Ադրբեջանի և ադրբեջանցիների հանդեպ…
Լուսանկարներից մեկում, օրինակ (թվագրված է՝ 2013թ., հունիսի 17), փաստաբանը Բաքվում է. «Բարև, սիրելի Բաքու»,-նշված է լուսանկարին կից մեկնաբանությունում...

Գրիգորիուն շաբաթներ առաջ էլ՝ մայիսի 28-ին, «հասցրել է» շնորհավորել ադրբեջանցիներին Հանրապետության օրվա կապակցությամբ: «Սիրելի Ադրբեջան, շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ»,-գրել է նա:

Մեկ այլ լուսանկարին կից մեկնաբանությունից էլ հասկացվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը 2013թ. մայիսի 28-ին մասնակցել է Քիշնևում Ադրբեջանի դեսպանատանն Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընթրիքին....

Նյութի աղբյուրը՝ http://www.kavkaz-uzel.ru/blogs/: Սամվել Մարտիրոսյանը իր «ցանցային օրագիրը» վարում է ռուսալեզու www.kavkaz-uzel.ru կայքում:
«Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովը Երևանում անցկացվում էր Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում: Հուլիսի 3-ից 4-ն անցկացված միջոցառմանը մասնակցել են 32 երկրի և միջազգային կառույցների մոտ 80 ներկայացուցիչ:










