Հաշմանդամ օդաչուներն ակցիա անցկացրին ԳԱԱ-ի դիմաց, որպեսզի միջազգային իրավաբանների ուշադրությունը գրավեն (ֆոտո վիդեո)

11:49 • 06.07.13

Հաշմանդամ օդաչուներն այսօր իրենց շաբաթօրյա ակցիայի անցկացման վայրը փոխել էին, սակայն պահանջը նույնն էր՝ ստանալ իրենց հասանելիք փոխհատուցումը:


Նրանք հավաքվել էին ոչ թե նախագահի նստավայրի առաջ, այլ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առաջ, որն ինչպես իրենք բացատրեցին, իր պատճառն ունի։



Tert.am-ի հետ զրույցում «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Դավթյանն ասաց, ԳԱԱ-ում երեկվանից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված գիտաժողով է ընթանում, և իրենք այստեղ են հավաքվել, որպեսզի ուշադրություն գրավեն, չնայած, որ շոգ է, արևի տակ են կանգնած,իրենք էլ ծեր են ու հաշմանդամ:


«Այստեղ հավաքված են աշխարհի շատ երկրներից լավ իրավաբաններ։ Նրանք հետո մեր ազգային հարցը պետք է բարձրացնեն աշխարհով, իսկ մենք, քանի որ չենք կարողանում մեր հարցը ոչ մի ձևով տեղ հասցնել, թող այս մարդիկ էլ մասնակցեն, իրավաբան են, չէ՞, ի վերջո»,- ասաց նա։


Դավիթ Դավթյանը նշեց, որ իրենք, իհարկե, կողմ են, որ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնեն, բայց ասաց, որ հայկական ավիացիայի հետ էլ, գրեթե, նույն բանն է կատարվում։ «Ես չեմ ուզում այդ բառը հնչեցնել այստեղ, բայց ավիացիայում կոտորած է տեղի ունենում։ Այս իրավաբանները հավաքվել են Ցեղասպանությունը ներկայացնելու... այսօր ձեր ավիացիան փրկեք։ Մենք օդաչու չունենք, դուք գիտե՞ք, թե չէ, մենք ունենք միայն նախագահական էկիպաժ, մնացածը գնացին, ո՞վ ա գալու, որ ավիացիա բացեն, որտե՞ղ են մեր հանրաճանաչ օդաչուները»,- ասաց նա։


Հաշմանդամ օդաչուն նշեց, որ իրենք արդեն մի քանի տարի է հարցը բարձրացնում են, բայց ոչ մի արձագանք չկա։ «Ո'չ նախագահը, ո'չ վարչապետը, ո'չ Սահմանադրական դատարանը չունենք մեկը, որ հարցին լուծում տա, հասկանո՞ւմ եք, ժողովրդի ձայնը չեն լսում»,- հուսահատ ասաց նա։


Հարցին, թե նշյալ իրավաբաններից արդեն մոտեցել հետաքրքրվե՞լ են, Դավիթ Դավթյանը հեգնեց. «Ուրեմն այն մարդիկ, ովքեր հագած-կապած գալիս էին երթուղայինով՝ մոտենում էին, մնացած սրիկաները, ովքեր պետական մեքենաներից էին դուրս գալիս, բոլորը հեռու էին գնում»,- ասաց նա։