Սպանության բացահայտման պատասխանատուն իշխանությունն է. Արծվիկ Մինասյանը՝ Պռոշյանի գյուղապետի սպանության մասին
ՀՅԴ բյուրոյի անդամ, Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի պատասխանատու դիտում է միայն երկրի իշխանությանը:
«Կարծում եմ, այս պահին մենք ուրիշ տարբերակներ չունենք, քան վստահել իշխանություններին, և որպես գործի բացահայտման պատասխանատու, մենք իշխանություններին ենք դիտում, որովհետև միայն նրանք կարող են կոնկրետ գործողություններ իրականացնել»,- Tert.am-ին ասաց նա:
Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք կապը պահում են Ոստիկանության հետ, սակայն, ցավոք, դեռևս հուսադրող որևէ բան չունեն: «Ոստիկանությունը մեզ պատրաստակամություն է հայտնել, որ պետք է բացահայտվի այդ ամենը և պետք է պատժվեն իրական կատարողները, դրդողները»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ Ոստիկանությունն անում է գործողություններ, բայց կարևորն արդյունքն է, որն այս պահին դեռևս չունեն, չունեն նաև դեպքի մասին լիարժեք պատկեր:
«Նաև մենք մեր համակարգը գործադրել ենք, որպեսզի մենք էլ կարողանանք ինչ-որ բաներ պարզել և փոխանցել Ոստիկանությանը, որովհետև ինքնագործունեությունն այս պահին ամենավատ բանը կարող է լինել, հարկավոր է, որպեսզի, ի վերջո, երկրում հաստատվի օրենսդիր իշխանություն, և դրան պետք է ծառայենք բոլորս՝ պատասխանատվություն և պահանջ դնելով իրավապահ մարմինների առջև»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դեպքի մասին նախնական պատկերացումներին, ՀՅԴ ներկայացուցիչը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել՝ պատճառաբանելով, որ բաներ կան, որոնք ընթացքի մեջ են և իրենց կարծիքները կարող են վնասել գործի քննությանը:
Ըստ նրա՝ Հրաչ Մուրադյանի սպանությունը ոչ միայն սթափության կոչ է, այլ նաև պատասխանատվություն է պահանջում յուրաքանչյուր մարդուց: «Սա պարզապես սպանություն չէ, սա պետականության վրա հարձակում է, կրակոց է մեր արժանապատվության վրա: Դրա համար իշխանությունը եռակի, քառակի, հնգակի ջանքեր պետք է գործադրի այս գործը բացահայտելու համար»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում հայերը կկորեն աշխարհի երեսից:










