«Մուսուլման եղբայրների» առաջնորդներին և Մուրսիին մեղադրում են պետական դավաճանության համար
Եգիպտոսում հայտնի լիբերալ քաղաքական և հասարակական գործիչը երկրի գլխավոր դատախազություն դիմում է ներկայացրել, որում երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարներին մեղադրել է պետական դավաճանության համար, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ալ-Ահրամ» թերթին։
Մասնավորապես, Մամդուհ Համզան նշել է, որ իսլամիստները պաղեստինյան «Համաս» շարժման անդամներին, որը համարվում է «Մուսուլման եղբայրների» մասնաճյուղը պաղեստինյան տարածքում, զենք են մատակարարել և աջակցել են Եգիպտոսի քաղաքացիություն ստանալու գործում։ Բացի այդ, ըստ քաղաքական գործչի տվյալների՝ Մուրսին և նրա կողմնակիցները սադրանքներ են նախապատրաստել Եգիպտոսի քաղաքացիների դեմ, ինչի համար ձեռք են բերել ոստիկանության և բանակային համազգեստ։
Համզան մեղադրում է նաև նախկին նախագահին ԶԼՄ-ների աշխատակիցներին և հասարակ քաղաքացիներին վախեցնող օրենքների մշակման համար։
Չորեքշաբթի երկրի բանակը պաշտոնից հեռացրել է նախագահ Մուրսիին, երկիրն այժմ գլխավորում է Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը։










