Բակո Սահակյանը Կովսականում դիմավորել է Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում դիմավորել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Բակո Սահակյանը և Հովիկ Աբրահամյանը հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են Արցախի հարավային թևում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:
Այնուհետև Հադրութի շրջանի մերձարաքսյան տեղամասերից մեկում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի և Հայաստանի շրջանների ու մարզերի միջև համագործակցության հարցերին:
Բակո Սահակյանը նշել է, որ այս համատեքստում առանձնակի կարևորություն ունի ԼՂՀ հարավային թևը, որտեղ առկա է լուրջ ներուժ արդյունաբերության և գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար՝ հավելելով, որ համագործակցությունն այստեղ փոխշահավետ կլինի մեր հանրապետությունների համար:
Այցելությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:










