Մոսկվայում ոսկերչական խանութներ թալանող ադրբեջանցիներից բաղկացած հանցախումբ է ձերբակալվել

13:30 • 08.07.13

Ռուս իրավապահները մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալել են մի խումբ ադրբեջանցիների և Սանկտ Պետերբուրգի մի բնակչուհու, ովքեր կասկածվում են ոսկերչական խանութների վրա իրականացված մի շարք հարձակումների համար, հայտնում է Взгляд-ը։

 

ՌԴ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հանցախումբը հիմնականում գործել է Կենտրոնական, Հյուսիս-արևմտյան և Պրիվոլժսկի դաշնային շրջաններում։ Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հանցագործությունների իրականացման ժամանակ օգտագործվել է հրազենային զենք։

  

Հանցախմբի անդամները գաղտնի ապրելակերպ են վարել, հաճախակի փոխել են կապի միջոցներն ու բնակության վայրերը։ Իրավապահների ունեցած տվյալների համաձայն՝ միայն երկրի հյուսիսային մայրաքաղաքում 25-29 տարեկան 4 ադրբեջանցիներ և նրանց 26-ամյա ռուս «գործընկերուհին» իրականացրել են 10-ից ավելի հարձակում։

 

Ձերբակալությունից հետո առգրավվել է 1.5 կգ ոսկերչական զարդ՝ այն խանութների պիտակներով, որոնցից իրականացվել են գողությունները։ Այժմ իրավապահները մի քանի քրեական գործ են հարուցել։