Կահիրեում Հանրապետական գվարդիայի շտաբ-բնակարանը գրոհելու հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 50-ի

12:40 • 08.07.13

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչները, որի ակտիվիստները, ըստ զինվորականների, լույս երկուշաբթի գիշերը փորձել են գրոհով վերցնել Հանրապետական գվարդիայի շտաբ-բնակարանը, հայտարարել են, որ «խաղաղ ցուցարարների» կողմից զոհերի թիվը կարող է հասնել 50-ի, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով AJANews լրատվական կայքին։

 

Իսլամիստների վարկածի համաձայն՝ գիշերը եգիպտոսցի զինվորականները հանրապետական բանակի շտաբ-բնակարանի մոտ կրակել են 34 խաղաղ ցուցարարի։ Միևնույն ժամանակ, Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հաստատել է նվազագույնը 35 մարդու մահը։

 

Միևնույն ժամանակ, զինվորականները վստահեցնում են, որ անհայտ խմբավորումը տեղի ժամանակով ժամը 4.00-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 6.00-ին) զենքով հարձակվել է շտաբ-բնակարանի անցակետի վրա, որտեղ որոշ տեղեկությունների համաձայն՝ կարող է գտնվել նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին։

 

Սպանվել է մի սպա, մի քանի տասնյակ զինվորական ստացել են վնասվածքներ, նրանցից 6-ի վիճակը ծանր է։ Reuters-ի տվյալներով՝ վիրավորվել է 40 զինվորական։


Ներկայում մոտ 200 մասնակից ձերբակալվել է, նրանցից առգրավվել է զենք- զինամթերք, սառը զենք, դյուրավառ հեղուկով շշեր։

 

Եգիպտոսի բանակը չորեքշաբթի հայտարարել էր Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկության մասին։ Երկրի ժամանակավոր նախագահ է դարձել Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը։

 

Տապալված ռեժիմի կողմնակիցները կոչ են արել չդադարեցնել բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ Մուրսին չի վերադառնա իր աթոռին։