«Մուսուլման եղբայրների» հազարավոր կողմնակիցներ մասնակցում են նախօրեին զոհվածների հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ)
Եգիպտոսի Ռաբիա-ալ-Ադաուիյա մզկիթի մոտ տեղի կունենա հանրապետական գվարդիայի գլխավոր գրասենյակի վրա կատարած հարձակման ժամանակ զոհվածների հոգեհանգստի արարողությունը: Նախօրեին ցուցարարները փորձել են անցնել արգելված հատվածը և սպանել էին զինվորականի, ինչին բանակայինները պատասխանել էին կրակոցներով: «Մուսուլման եղբայրները» հայտնել են առնվազն 42 սպանվածի մասին, իսկ բանակի ներկայացուցիչները կատարվածում մեղադրել են «ահաբեկիչ սադրիչներին», հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ռաբիա-ալ-Ադաուիա մզկիթի առջև գտնվող հրապարակն արդեն դարձել է նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների ավանդական հավաքատեղին: Այսօր այստեղ տեղի է ունենալու քաղաքի կենտրոնում տեղի ունեցած բախումների զոհերի հոգեհանգստի արարողությունը:
Եգիպտացի զինվորականները մարդկանց կոչ են արել գնալ տուն և խոստացել են խիստ միջոցառումներ չկիրառել նոր իշխանությունների հակառակորդների նկատմամբ:
Իսկ «Մուսուլման եղբայրներ»-ը հայտարարել են, որ չեն պատրաստվում հետ կանգնել և կշարունակեն պահանջել Մուհամեդ Մուրսիին որպես երկրի նախագահ ճանաչել:
Հիշեցնենք, որ «Մուսուլման եղբայրներ» շարժման ակտիվիստները, ըստ զինվորականների, լույս երկուշաբթի գիշերը փորձել են գրոհով վերցնել Հանրապետական գվարդիայի շտաբ-բնակարանը:










