Թուրքական ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Գեզի պուրակում

18:28 • 08.07.13

Թուրք ընդդիմադիրներն ու Ստամբուլ քաղաքի Գեզի պուրակի պահապաններն իրենց աջակիցներին կոչ են արել այսօր երեկոյան հավաքվել այգում, որը դարձել էր հակակառավարական շարժման խորհրդանիշը։


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով, միջոցառումը նշանակված է տեղական ժամանակով ժամը 19։00-ին։

 

Թուրքական իշխանությունների ընդդիմախոսները պատրաստվում են այդ կերպ նշել պուրակի վերաբացումը, որը փակվել էր մոտ մեկ ամիս առաջ։ Այն հանրության համար փակվել է հունիսի 15-ից, երբ թուրքական ոստիկանությունն այնտեղից դուրս էր բերել ակտիվիստներին, որոնք բողոքում էին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։


Ստամբուլի քաղաքապետ Հուսեյին Ավնի Մութլուն այսօր առավոտյան մասնակցել է այգու վերաբացմանը և հայտարարել, որ Գեզին այժմ առաջվանից լավն է։

 

Նրա խոսքով, սակայն, իշխանությունները երբեք թույլ չեն տա «շրջափակել այգիներն ու դրանք վերածել ցույցերի անցկացման վայրերի՝ խոչընդոտելով երեխաների, տարեց քաղաքացիների և բոլոր ցանկացողների մուտքն այնտեղ»։

 

Հուլիսի 3-ին թուրքական դատարանն արգելել է պուրակի ծառահատումները և դրա փոխարեն առևտրի կենտրոնի կառուցումը։

Ավելի վաղ այգու ծառահատումների որոշման դեմ երկրի տարբեր քաղաքների փողոցներ էին դուրս եկել հազարավոր մարդիկ։ Ոստիկանության հետ բախումների ընթացքում՝ 2013թ.-ի մայիս-հունիս ամիսներին, զոհվել է 4 մարդ, վիրավորվել մոտ 7.500-ը։