Գլենդեյլի հանրային գրադարաններում հայկական հեքիաթների ընթերցանության ժամեր կանցկացվեն

09:58 • 08.07.13

ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) հանրային գրադարաններում այսուհետ ամսական մեկ անգամ հայկական և հայոց լեզվով հեքիաթների ընթերցանության ժամեր կանցկացվեն:

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendale News Press պարբերականը, ընթերցանությունը կազմակերպվելու է «Պատմություններ օտար լեզուներով» խորագրով ծրագրի շրջանակում, որը բազմազգ այդ քաղաքում մեկնարկել է 2008թ-ին:
 

18 ամսականից մինչև 3 տարեկան և ավելի երեխաների համար հեքիաթներ ընթերցելու է ազգությամբ հայ գրադարանավարուհի Քրիստինե Մարկոսյանը: Հայկական հեքիաթների ընթերցանության առաջին ժամին, որն անցկացվել է հուլիսի 6-ին, ներկա են եղել մոտ 10 երեխա և նրանց ծնողները:

 

Glendale News Press-ի հետ զրույցում Քրիստինեն ասել է, որ ծրագրի նպատակը Գլենդեյլի բոլոր համայնքների անդամներին գրադարանների ծառայություններին և հնարավորություններին  հաղորդակից դարձնելն է:

 

«Ես նկատել եմ, որ ծրագրի մեկնարկից ի վեր ավելի մեծ թվով հայկական ընտանիքներ են սկսել գրադարան հաճախել՝  տարբեր լեզուներով ընթերցանություններին մասնակցելու համար»,- նշել է նա:

 

Հայկական հեքիաթների ընթերցանության առաջին ժամին իր երեխայի հետ մասնակցել է նաև Հարութ Շամամյանը, որը ծնվել է Հայաստանում, մեծացել և դաստիարակվել ԱՄՆ-ում: Հարութի խոսքով՝ այս ծրագիրը լավ հնարավորություն է իր երեխային երկլեզվակիր դարձնելու և հայկական ժառանգության հետ կապը պահպանելու համար:

 

«Մենք հայոց լեզուն օգտագործում ենք միայն տանը, քանի որ երեխաներս՝ 3-ամյա Պատրիկը և 6-ամյա Լիլիանը, դպրոցում անգլերեն են ուսանում, բայց ես ցանկանում եմ, որ նրանք չկորցնեն կապը հայկական ժառանգության հետ»,- նշել է նա:
 

Սեմ Դարբիննյանն էլ ծրագրին մասնակցել է իր 2 տարեկան երկվորյակ աղջիկների և 5-ամյա որդու հետ: Սեմի խոսքով՝ այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում երեխաների մեջ հետաքրքրություն է սերմանում ընթերցանության հանդեպ: «Մենք ցանկանում ենք մեր երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել ընթերցանության հանդեպ: Այսօր շատ դյուրին է ժամանցային վայրեր և ժամանցային ծրագրեր գտնելը, իսկ ահա ուսուցողական  ծրագրեր՝ ոչ»,-ասել է նա:

 

Հավելենք, որ Գլենդեյլ քաղաքն ունի մոտ 192 հազ. բնակչություն, որի մոտ 50 տոկոսը հայեր են:  Glendale News Press-ի հաղորդմամբ՝ 2010թ. մարդահամարի տվյալներով՝ Գլենդեյլի բնակիչների 55 տոկոսը ծնվել է ԱՄՆ-ից դուրս՝ այլ երկրներում: