Եգիպտոսի գործող վարչապետը հրաժարական է տվել
Եգիպտոսի գործող վարչապետ Հիշամ Կանդիլը հրաժարական է տվել՝ ի նշան երկրում տեղի ունեցող իրադարձությունների դեմ բողոքի. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել դեռևս հուլիսի 3-ին, սակայն չեմ պնդել, որ այն ուժի մեջ մտնի անցումային կառավարության շրջանում։ Սակայն այժմ կարծում եմ, որ անհնար է իրականացնել կառավարության ղեկավարի պարտականություններն այս շրջանում և խնդրում եմ իմ հրաժարականն ընդունել 2013թ.-ի հուլիսի 8-ից»,-գրել է նա Facebook սոցիալական ցանցում։
Հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը «ճանապարհային քարտեզ» էր ներկայացրել՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որը նախատեսում է դադարեցնել երկրի Սահմանադրության գործունեությունը, նախագահ Մուհամեդ Մուրսիին զրկել իշխանությունից և ձևավորել նոր կառավարություն։
Անցումային կառավարության շրջանում պետությունը ղեկավարելու է Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը։ Նոր կառավարության ձևավորման ընթացքում նա Հիշամ Կանդիլին հանձնարարել էր շարունակել պարտականությունների իրականացումը։










