ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարները Լոս Անջելեսում մասնակցել են Հայ բժիշկների համագումարին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Լոս Անջելեսում ընթացող Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի «Առողջապահության քաղաքականություն» պլենար նիստում ներկայացրել է ՀՀ առողջապահության համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումները, ձեռքբերումները, իրականացվող բարեփոխումների ծրագրերից ակնկալվող արդյունքները և համակարգի առջև ծառացած խնդիրները։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանն իր հերթին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգի խնդիրներին։
Նիստի ավարտին համագումարի մասնակիցները նախարար Դումանյանին առաջարկել են համատեղ ուժերով ՀՀ և ԼՂՀ առողջապահական համակարգերում առկա հիմնախնդիրների լուծման ուղիներ փնտրել։
Պլենար երկրորդ նիստին, որ նվիրված էր բժշկական կրթությանը, զեկուցումով հանդես է եկել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը։
Մեկ պլենար նիստ էլ նվիրվել է ՀՀ-ում Սփյուռքի աջակցությամբ իրականացվող առողջապահական ծրագրերին։ Անդրադառնալով առանձին ծրագրերին ու դրանցից ակնկալվող արդյունքներին, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ծրագրերն առավել համակարգված իրականացնել։










