Մուրսիի աջակիցներն ապստամբություն սկսելու կոչ են արել

18:08 • 08.07.13

Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որը սատարում է պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիին, ապստամբություն սկսելու կոչ է արել այն բանից հետո, երբ Կահիրեում անվտանգության ծառայությունները լույս երկուշաբթի գիշերը գնդակահարել են Մուրսիի 35 աջակցի։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, «Մուսուլման եղբայրների» մաս կազմող «Ազատություն և արդարություն» կուսակցությունը դիմել է միջազգային հանրությանը՝ միջամտելու կոչով, որպեսզի «Եգիպտոսը Սիրիայի չվերածվի» և հետագա բռնություններն ու զանգվածային սպանությունները կանխվեն։

 

Лента-ն իր հերթին հայտնում է, որ Մուրսիի աջակիցներն այսօր 2 զինվոր են գերի վերցրել, սակայն ավելի ուշ նրանց հաջողվել է փախուստի դիմել։
 

Հիշեցնենք, որ Եգիպտոսի բանակը չորեքշաբթի հայտարարել էր Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկության մասին։ Երկրի ժամանակավոր նախագահ է դարձել Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը։