Ռաուլ Կաստրոն բարկացել է իր ժողովրդի վրա բարքերի անկման համար
Կուբայի 82-ամյա նախագահ Ռաուլ Կաստրոն խորհրդարանական նստաշրջանի ընթացքում իր ամենամյա ելույթի ժամանակ քննադատել է «սոցիալական անկարգապահությունը»։ Նախագահն իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ Ազատության կղզու բնակիչները շատ են խմում, հայհոյում և խոզեր բուծում երկրի խոշոր քաղաքների փողոցներում, գրում է Russia Today-ը։
Իր ելույթում նախագահը շոշափել է ժամանակակից կուբայական հասարակության բոլոր արատները՝ կաշառակերությունից և գողությունից սկսած մինչև խոզերի բուծում քաղաքների փողոցներում։ Կաստրոն իր դժգոհությունն է հայտնել կուբացիների բարքերի անկման և պարտքի, պատասխանատվության և պատվի զգացողությունների կորստի վերաբերյալ։
Նախագահը թվարկել է այն գործողությունների ամբողջական ցանկը, որոնք վնասում են երկրին։ Ցուցակում եղել են՝ տների չթույլատրված կառուցում, կենդանիների բուծում, անտառահատում և կաշառակերություն։ Վերջում բարկացած քաղաքական գործիչը թվարկել է «սոցիալական անկարգապահության» օրինակներ։
Նա, մասնավորապես, նշել է, որ Կուբայի բնակիչներն ուշանում են աշխատանքից, բարձր հայհոյում են և աղտոտում փողոցները, շատ են ծխում, հարբած վիճակում նստում են ղեկին, պղծում են հուշարձաններ և բնական կարիքները հոգում հենց զբոսայգիներում։










