Ռուս պատգամավորը վիրավորել է Վրաստանին՝ այցելելով Թբիլիսի. Սաակաշվիլի

16:56 • 08.07.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր վրդովմունքն է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Թբիլիսի այցի վերաբերյալ, որտեղ հուլիսի 7-ին տեղի է ունեցել թբիլիսյան և մոսկովյան «Դինամո» ֆուտբոլի ակումբների ընկերական հանդիպումը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Սաակաշվիլիի խոսքով՝ «խախտվել է Վրաստանի անվտանգությունն ու ազգային արժանապատվությունը»։

 

«Ես ողջունում եմ ռուս զբոսաշրջիկների և մարզիկների այցը Վրաստան, սակայն երկրի տարածքում թշնամիների ներկայությունն անթույլատրելի է, իսկ Պետդումայի բոլոր պատգամավորները, որոնք 2008-ին ստորագրել են Վրաստանի մասնատման մասին փաստաթուղթը, թշնամական գործոն են ներկայացնում»,-ասել է նա։

 

Ի դեպ, ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ոչ ոքի։ Սակայն մի քանի տասնյակ մարդ բողոքի ակցիա են կազմակերպել մարզադաշտի հարևանությամբ։