Թբիլիսի ժամանած մոսկովյան «Դինամոյի» երկրպագուներին անվանել են «օկուպանտներ»
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի քանի տասնյակ մարդ հուլիսի 7-ին բողոքի ակցիա է կազմակերպել մարզադաշտի հարևանությամբ, որտեղ անցկացվել է «Դինամո-Վրաստան» և «Դինամո-Մոսկվա» թիմերի հանդիպումը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Интерфакс-ին։
Նրանք բողոքել են ՌԴ Պետդումայի պատգամավորների այցի դեմ, որոնց անվանել են «օկուպանտներ»։
Ակցիային մասնակցել են «Ազատ գոտի» շարժման ներկայացուցիչները։ Նրանք իրենց հետ բերել են «Օկուպանտ պատգամավորնե՛ր, հեռացե´ք Վրաստանից» գրառումներով պաստառներ։ Ակտիվիստներից մեկը նույնիսկ ցանկացել է պառկել երթևեկելի մասում, սակայն նրան խանգարել է ոստիկանությունը։
Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, նրանցից երեքը ձերբակալվել են։ Նրանց մեղադրել են մանր խուլիգանության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դիմադրելու համար։ Ձերբակալված ակտիվիստներին այժմ, հավանաբար, տուգանքներ են սպառնում։
Անմիջապես մարզադաշտում մի խումբ վրացի երկրպագուներ նույնպես բողոքի ակցիա են կազմակերպել։ Երբ մոսկովյան թիմի ֆուտբոլիստների գոլից հետո երկրպագուները պարզել են ռուսական դրոշը, որոշ վրացի երկրպագուներ հեռացել են մարզադաշտից և վերադարձել միայն այն ժամանակ, երբ ռուսական դրոշներն իջեցվել են։
Երկու թիմերի միջև խաղը կայացել է Թբիլիսիում՝ ռուսական ակումբի 90-ամյակի կապակցությամբ։ Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1 հաշվով։










